«Հանրապետականն» այս կապիտուլյանտների հեռացման համար առաջնային գործիք է դիտարկում փողոցային պայքարը, ասուլիսի ժամանակ ի պատասխան Armeni Today-ի հարցի՝ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Հանրապետականի հանրային խոսքին հետևողները գիտեն, որ այդ ծրագիրը կա, այդ ծրագրի իրագործման պլաններ կային, որոնք խախտվեցին, որոնք խաթարվեցին բոլորիս հայտնի իրադարձություններով։ Քաղաքականությանը քիչ թե շատ հետևող մարդիկ կարող են հասկանալ, թե քանի անգամ է Հանրապետականը դրա մասին խոսել՝ փուլ առ փուլ ակնարկելով և պատմելով դրա մասին»,- իր խոսքում նշեց պատգամավորը։
Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ ծրագրերը շարունակվում են լինել, գոյություն ունենալ․ «Նախապատրաստական աշխատանքներ տարվում են, և մեզ համար բացի փողոցային պայքարից, այլ գործիք անընկալելի է թվում մեկ պարզ պատճառով՝ հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները Փաշինյանից պատասխան ունեն ստանալու և իրենք այդ պատասխանն ստանալու են»։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլին ընդդիմադիրներն սկսել էին իրենց բողոքի ակցիաները, որը մեկնարկել էր այն ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։ Ակցիաների օրակարգային հարցն էր թույլ չտալ Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն։