«Մայր Հայաստան» խմբակցությունը մտադիր է դատական կարգով վիճարկել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու մասին որոշումը, նշվում է խմբակցության հայտարարության մեջ: Խմբակցությունը նման որոշումը որակել է «քստմնելի, ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական»:
«Դա տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, դրան կից խմբակցության՝ «Հանրապետության» և «Հանրային ձայնից» բերման ենթարկված տխրահռչակ երկու հոգու համատեղ գործողություններով: Ակնհայտ է, որ գործ ունենք կուլիսային և ապօրինի գործընթացների հետ: Առկա է նաև «Մայր Հայաստան»-ի դեմ քաղաքական հետապնդման բացահայտ դրսևորում»,- նշվում է քաղաքական ուժի հայտարարության մեջ:
Ասվում է, որ պատգամավորներին ավագանու մանդատից զրկելու որոշումը կայացվել է Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացմանն ընդառաջ, և «Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ, նաև շարունակելու է պայքարը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացմանը:
Երևանի ավագանին արտահերթ նիստում փետրվարի 7-ին որոշել էր խմբակցությունը ներկայացնող Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին զրկել Երևանի ավագանու անդամակցությունից: