Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն առաջիկայում կհայտարարի Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման միջազգային մրցույթի երկրորդ փուլի մասին, որը կտևի մոտ 6 ամիս, Armenia Today-ին հայտնեցին Կոմիտեից։
«Ակնկալվում է ստանալ Կոնդ թաղամասի պատմական շերտի և միջավայրի վերարժևորմամբ, միջազգային չափանիշներին համապատասխանող, թաղամասի վերակառուցման միջոցով թաղամասի վերակենդանացման հայեցակարգի առաջարկներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ժյուրիի կողմից հավանության արժանացած հայեցակարգի կամ հայեցակարգերի հիման վրա կմշակվի Կոնդ թաղամասի վերակառուցման նախագծային փաստաթղթերի փաթեթ, որը սահմանված կարգով պետք է անցնի համապատասխան փորձաքննությունների և համաձայնեցումների գործընթաց։
Կոմիտեն հիշեցրել է, որ Կոնդի վերակառուցման համար միջազգային բաց մրցույթ էր հայտարարվել 2021 թվականի մարտի 10-ին։ Մրցույթի հանձնաժողովում ներգրավված էին պատմաբաններ, ճարտարապետներ, հասարակական գործիչներ, միջազգային փորձագետներ, նաև Կոնդի բնակիչներ։ Հոկտեմբերի 6-ին ամփոփվել էին առաջին փուլի արդյունքները, և երկրորդ փուլ էր անցել ամենաբարձր միավոր հավաքած 7 աշխատանք:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 26-ին հայտարարել էր, որ քաղաքապետարանը վաճառքի կհանի Երևանի Կոնդ թաղամասը՝ քաղաքաշինական նոր ծրագիր իրականացնելու նպատակով։