Ընդդիմադիր «Միասին» շարժումը կոչ է արել խորհրդարանական խմբակցություններին դեմ քվեարկել կառավարության կատարողականի հաստատմանը։ Այս մասին հայտարարել է շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը դրժել է բոլոր այն խոստումները, որոնք ներառված են եղել իր ծրագրում։
Սարգսյանը շեշտել է, որ կառավարությունը չի կատարել օրենքի ուժ ստացած իր ծրագիրը՝ Արցախը հայկական պահելու, պաշտպանության համակարգի ուժեղացման և այլ հարցերի հետ կապված:
«Այն կառավարությունը, որը որպես օրենք ընդունված ծրագիրը խախտել է, իրավունք չունի շարունակել կառավարել. կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ պետք է դեմ քվեարկելով հեռացնել իշխանությունից: Բյուջեի կատարողականի վերաբերյալ ընդդիմադիր և մյուս խմբակցություններին առաջարկում ենք նախագիծ ներկայացնել: Բոլորը պարտավոր են դեմ քվեարկել այս կառավարության կատարողականին: Եթե մեծամասնությունն այսպես անի, կավարտվի նրանց լիազորությունը»,- ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ խորհրդարանը պարտավոր էր վերահսկողական ֆունկցիա կատարել, կես տարի հետո պատասխանատու անձին կանչել խորհրդարան և պատասխան պահանջել օրենքը խախտելու համար: «Որևէ խմբակցություն այդ քայլը չի արել, չեն կատարել իրենց վերագրված լիազորությունը»,- նշել է քաղաքական գործիչը:
Նա նշել է նաև, որ վաղը որոշիչ օր է․ «Եթե այս իշխանությունը վաղը նույնպես ստանա բավարար գնահատական, մեր հաջորդ քայլերը պետք է այլ լինեն: Պետք է դիմենք իրավապահ մարմիններին, դատախազություն: Սա բոլորի պատասխանատվությունն է»:
Սարգսյանն անդրադարձել է նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած գումաներին՝ նշելով, որ դրանք առ ոչինչ են ՌԴ-ից ստացածի համեմատ: Նրա խոսքով՝ գազի գնի բարձրացման, տրանսֆերների դադարեցման կամ այլ քայլերի դեպքում Հայաստանի ստացած վնասներն անհամեմատելի են լինելու:
Իր հերթին, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է առաջիկա 6-8 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտության մասին, քանի որ հակառակ դեպքում, ըստ նրա, երկիրը կկորցնի իր անկախությունը։
Կազմակերպիչները կոչ են արել վաղը ժամը 16:00-ից ԱԺ-ի մոտ լինել և շարունակել պայքարը:
«Միասին» շարժումը փետրվարի 20-ից բողոքի ցույցեր է անցկացնում Երևանում՝ Հայաստանի իշխանությունների հրաժարականի պահանջով։ Մարտի 27-ին հայտարարել էին ապրիլին բողոքի ակցիաներ անցկացնելու մասին: Դրանք համընկնում են խորհրդարանում կառավարության վերջին մեկ տարվա աշխատանքի կատարողականի քննարկման հետ։
Մանրամասները՝ տեսանյութում: