«Քաղաքացիական պայմանագիր»-ը ձախողում է համարել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգի ներդրման հետաձգումը և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին մեղադրել անհետևողական աշխատանքի մեջ, գրել է «Ժողովուրդ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Սուրեն Գրիգորյանը, բացի ձեռքը գրպանում քաղաքացիների հետ արագ անհասկանալի զրույց ծավալելու գործառույթից, տրանսպորտի հարցով որևէ այլ քայլով աչքի չի ընկել»,- գրել է թերթը։
Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեմբերի 1-ից։ Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։
Երևանի ավագանին մարտի 12-ի նիստում ընդունել էր նախագիծ, որով սեպտեմբերի 1-ից Երևանի տրանսպորտի համար նոր սակագներ են գործելու։ Նախագիծն ընդունվել է 32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: