ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կա՛մ 2018թ. հեղափոխական թիմի այնպիսի անդամ են, որ անցել են ընտրական ֆիլտրի միջով, արժանացել ժողովրդի վստահությանը և արդյունավետորեն իրացրել այդ վստահությունը, կա՛մ արդեն իսկ ներգրավված էին պետական կառավարման համակարգում։
«Չեմ կարող ասել, թե առաջիկայում այլ բանաձևեր չեն կիրառվի, բայց վերը նկարագրված բանաձևերը կդառնան կադրային քաղաքականության հենասյուներ»,- գրել է նա Telegram-ում։
Վարչապետի խոսքով՝ այն նորանշանակ պաշտոնյաները, որոնք մինչև 2018 թվականն աշխատել են պետական ապարատում, իշխանափոխությունից հետո ավելի շատ հնարավորություններ են ստացել իրացնել իրենց ներուժը, համերաշխություն դրսևորել իշխող մեծամասնության գաղափարախոսության հետ և դարձել են մի թիմի մաս՝ հիմնված «հեղափոխության, Իրական Հայաստանի, պետականության, ինքնիշխանության և անկախության» արժեքների վրա։
Նոյեմբերի 15-ի կառավարության նիստում Փաշինյանը քննադատել էր իրավապահ մարմինների աշխատանքը և հայտարարել, որ գոհ չէ երկրում տիրող հանցավորության մակարդակից, իր «համբերության բաժակը լցվել է» և նա համապատասխան որոշումներ կկայացնի։ Վարչապետի քննադատությանը հաջորդել էր նոյեմբերի 18-ին իրավապահ մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նոյեմբերի 18-ին վարչապետը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։