Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայումը թույլ է տալիս ապահովել անվտանգությունը տարածաշրջանում, Երևանում շահագրգռված են դրա պահպանմամբ, “Интерфакс” գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստանը սպառնալիք չէ տարածաշրջանում որևէ մեկի համար։ Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ընդհանուր շահեր ունեն, և հենց այդ փոխադարձ շահերի հիման վրա ենք մենք հետապնդում անվտանգության ապահովման ընդհանուր նպատակ։ Ռազմաբազան նաև թույլ է տալիս հասնել այդ նպատակին», – ասել է Մնացականյանը։
Նախարարը նշել է նաև, որ ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ։
«Ռազմատեխնիկական ոլորտում մեր փոխգործակցությունը հիմնված է անվտանգության փոխադարձ շահերի վրա և իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համաձայնագրերի, պայմանավորվածությունների և աշխատանքի պլանների հիման վրա։ Ռուսաստանը չի խախտում հավասարակշռությունը տարածաշրջանում։ Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է։ Եվ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ», – հայտարարել է Մնացականյանը։