Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիան պատրաստակամ է՝ արձագանքելու Հայաստանի կառավարության երեկվա դիմումին և ամեն ինչ անելու, որպեսզի երկարատև խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։
Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Այսօր Ֆրանսիայի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց մարտի 9-ին Փարիզում տեղի ունեցած հայ-ֆրանսիական համագործակցության կոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարությունը, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել աջակցել հակամարտող երկու խաղաղության հասնելու գործում։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծեց, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ նախորդ կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պետք է անպայման փորձել լուծել այդ խնդիրը»,- ասել է տիկին դեսպանը։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի հայտարարություններին, թե ղարաբաղյան հարց այլևս չկա և, որ Մինսկի խումբն արդեն անելիք չունի, Անն Լույոն պատասխանեց. «Ես ևս մեկ անգամ կխնդրեմ ուշադրություն դարձնել պարոն Մակրոնի պատասխանին, որտեղ նա վստահեցնում էր, որ, այո, խնդիր կա, և այդ խնդրին դեռ պետք է լուծում տրվի»։
Ֆրանսիայի դեսպանն ասել է՝ չգիտի՝ երբ է նախատեսված համանախագահների այցը տարածաշրջան և արդյոք նախատեսվա”ծ է, թե՝ ոչ։ Ղարաբաղյան միջնորդները պատերազմի ավարտից ի վեր Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չեն ունեցել։
Անն Լույոն շեշտել է նաև, որ երեկ Հայաստանի արտգործնախարարությունում են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպաններն և միջազգային կառույցների ներկայացուցիչները, և Հայաստանի կառավարությունը դեսպաններին խնդրել է վերաակտիվացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելուն ուղղված գործողությունները։