Չեչնիայի իշխանությունները քննարկում են Չեչնիայի տարածքով Ռուսաստանից Վրաստան երկրորդ ավտոճանապարհի կառուցման հարցը:
Նախագծի իրականացումը թույլ կտա նվազեցնել Անդրկովկասից բեռների առաքման արժեքն ու ժամկետները, լրագրողներին հայտնել է տարածաշրջանի տնտեսական, տարածքային զարգացման և առևտրի նախարար Ռուստամ Շապտուկաևը, փոխանցում է ТАСС-ը:
«Չեչնիայի Հանրապետության կառավարությունը համապատասխան նամակներ է ուղարկել իշխանության դաշնային մարմիններին։ Այդ ճանապարհի կառուցումը, անշուշտ, թույլ կտա Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական հարաբերությունները բերել բոլորովին նոր մակարդակի, կամրապնդի մեր երկրների միջև միջազգային հարաբերությունները, կնվազեցնի տրանսպորտային ծախսերը Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջան, Իրան, Վրաստան և Թուրքիա բեռների առաքման ժամանակ»,- նշել է Շապտուկաևը:
Նրա խոսքով՝ առավել հեռանկարային երթուղին Չեչնիայի Հանրապետությունից Իթում-Կալի-Շաթիլի արդեն գոյություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհն է դեպի Վրաստան՝ Արգունի կիրճով, որը պահանջում է վերակառուցում և ընդլայնում:
«Ճանապարհը շահագործման անհրաժեշտ տեխնիկական կատեգորիա բերելիս այն կարող է ներառվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մեջ։ Համապատասխան տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների ստեղծմամբ ճանապարհը կարող է օգտագործվել որպես Ռազմավիրական ճանապարհի լրացում կամ այլընտրանք, ինչը կնպաստի Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների անխափան աշխատանքին», – հայտարարել է նա:
Չեչնիայի բարձրլեռնային Իթում-Կալի շրջանից Վրաստանի Ախմետովի շրջան տանող մայրուղու շինարարությունը սկսվել է հանրապետությունում առաջին ռազմական արշավի ավարտից հետո: Վրացական կողմը սառեցրել է ճանապարհի շինարարությունը 1998 թվականին։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանը պատրաստ է բացել այդ ճանապարհը, հենց որ համաձայնություն ձեռք բերվի Վրաստանի և Ռուսաստանի միջև: