Ադրբեջանցիների՝ Փառուխ ներխուժման հետ կապված Արցախի ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում են Արցախի Քննչական կոմիտեից։
«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող՝ Ասկերանի շրջանի ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ այն զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու, այդպիսով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Այս պահին ճշտված տեղեկություններով ՊԲ 3 զինծառայողներ զոհվել են, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։