Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում տարածքային խնդիրների խաղաղ կարգավորման քաղաքականությանը և դիմակայելու են բոլոր սադրանքներին, որոնք ուղղված են նոր ռազմական առճակատման սրմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ալեքսի Դանիլովի հայտարարությունը, թե Ռուսաստանի դեմ այլ երկրների տարածքում ճակատները մեծապես կօգնեն Ուկրաինային։
Որպես երկրորդ ճակատ բացելու օրինակներ, բացի Վրաստանի տարածքներից, նա բերել է Կուրիլյան կղզիներն ու Կալինինգրադի շրջանը, հայտնում է Sputnik Գրուզիան։
«Մենք դա այլևս թույլ չենք տա»,- ասել է Կոբախիձեն՝ բացատրելով, որ նոր պատերազմը կլինի ամենամեծ, աններելի հանցագործությունը Վրաստանի պատմության մեջ։
Կոբախիձեն Դանիլովի հայտարարությունը կապել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարների՝ Ուկրաինա կատարած վերջին այցի հետ։
«Ինչպես գիտեք, օրեր առաջ տեղի ունեցավ «պատերազմի կուսակցության»՝ «Ազգային շարժման», հերթական այցը Ուկրաինա։ Ինչպես պարզվեց, այցը հաջող էր, քանի որ դրա ավարտից հետո ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին բացահայտ խոսել Վրաստանում երկրորդ ճակատ բացելու և Ուկրաինայում ընթացող պատերազմը Վրաստանին փոխանցելու անհրաժեշտության մասին»,- ասել է Կոբախիձեն։
«Ազգային շարժման» այլ սադրանքների թվում Կոբախիձեն նշել է գործողությունները, որոնք կոչ են անում Վրաստանի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, վրացի կամավորներով ինքնաթիռ ուղարկել Ուկրաինա, ինչպես նաև խտրական քարոզչություն Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսի Դանիլովը կոչ էր արել Ռուսաստանի դեմ լրացուցիչ ճակատներ բացել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։
«Այն բանից հետո, երբ այսօր Լեռնային Ղարաբաղը մտցրեց իր տարածքում ռազմական դրություն, կարող եմ ասել, որ այնտեղ իսկապես իրադարձություններ են տեղի ունենում։ Հայաստանն այսօր դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ զորքերով օգնելու համար։ Բայց նրանք այնտեղից զորքեր հանեցին ու անցյալ շաբաթ ուղարկեցին մեր երկիր։ Եվ մենք հասկանում ենք, որ օգնությունը, որը Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, դժվար թե այնտեղ հայտնվի»,- ասել է Դանիլովը։