Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին «անտեղի» է անվանել Կիևից ստացած առաջարկը՝ այցելել ուկրաինական Բուչա քաղաք:
Ինչպես հաղորդում է «Новости-Грузия»-ն, Պապուաշվիլին Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկից հրավեր է ստացել ներկա գտնվելու Բուչայում: Իր պատասխանում Վրաստանի խորհրդարանի խոսնակը մաղթել է, որ «ուկրաինական իշխանության առանձին ներկայացուցիչներ լիովին գիտակցեն այն ամուր աջակցությունը, որը վրաց ժողովուրդը և նրա իշխանությունները ցուցաբերում են Ուկրաինայի իշխանությունների և ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»:
Նրա խոսքով՝ երկու երկրների աջակցությունն ու գործընկերությունը «արժանի չեն Ուկրաինայի իշխանությունների բարձրաստիճան անձանց՝ վրաց ժողովրդին իր կառավարությունից տարանջատելու փորձերին, Վրաստանում երկրորդ ճակատ բացելու պահանջին, անհիմն դիվանագիտական դեմարշներին, մաքսանենգության մեջ անհիմն մեղադրանքներին կամ ուկրաինացիների դժբախտությունների վրա ձեռք ջերմացնելու մեղադրանքներին»:
«Այդ հարցերի չհասկացվածության ֆոնին պաշտոնական առաջարկն անտեղի է թվում», – մեջբերում է պարբերականը խորհրդարանի խոսնակի հայտարարությունը: