Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Միութենական պետությանը «կմիանան» նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունները: Ավելի վաղ նա ասել էր, որ միութենական պետությանը կմիանա Հայաստանը։
«Ձեր շնորհիվ մենք գրեթե այսպիսի համագործակցություն ունենք և փորձում ենք միասնական միութենական պետություն կառուցել նոր սկզբունքներով, որպեսզի ոչ ոք նեղության մեջ չլինի, որպեսզի զարգանան Բելառուսի և Ռուսաստանի ինքնիշխան անկախ պետությունները։ Նման միությանը, վստահ եմ, կմիանան նաև նախկին Խորհրդային Միության մյուս հանրապետությունները», – ասել է Լուկաշենկոն ռուս նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ։
Փետրվարի սկզբին Ալեքսանդր Լուկաշենկոն հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյևին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը կարող է անդամակցել միութենական պետությանը 10-15 տարի անց: Դրանից հետո Հայաստանի ԱԳՆ-ն բացատրությունների համար կանչել է Բելառուսի դեսպանին։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրատվամիջոցներին պարզաբանել է, որ երկրում չեն քննարկում Միութենական պետություն մտնելու հարցը։
Նույն հարցազրույցում Լուկաշենկոն հայտարարել է, որ ապագայում Միութենական պետությանը կարող են միանալ Ղազախստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան: