Ադրբեջանը մտադիր է շարունակել ջանքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին ուրբաթ օրը Դուշանբեում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանական կողմը վճռական է շարունակել իր ջանքերը խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է նա։
Բայրամովը կրկին ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ և սկսել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը։
Նա նշել է, որ այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ՝ ներառյալ նախագահները և որոշվել է երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ազգային հանձնաժողովների ձևաչափը։