Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ:
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կենտրոնացել են Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա: «Մենք քննարկել ենք հարցերի ամբողջ համալիրը։ Մենք մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու և անհայտ կորածների ճակատագիրը լուծելու ջանքերը», – ասել է նա:
Միշելի տեղեկատվության համաձայն՝ կողմերը պայմանավորվել են, որ սահմանային հանձնաժողովի առաջին համատեղ նիստը տեղի կունենա առաջիկա օրերին հայ-ադրբեջանական միջպետական սահմանին: Նիստի ընթացքում կքննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք «կապված են սահմանի դելիմիտացիայի և սահմանային կայունության ապահովման հետ»:
Առաջնորդները նաև պայմանավորվել են տրանսպորտային կապերն ապաշրջափակելու անհրաժեշտության մասին։
«Նրանք համաձայնեցրել են Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջև տարանցման կարգավորման սկզբունքները, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքի միջոցով միջազգային փոխադրումները», – ասված է հայտարարության մեջ։
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման ապագա խաղաղ պայմանագրի քննարկումը, նշվում է, որ արտաքին գործերի նախարարների գլխավորած խմբերը այս գործընթացը կշարունակեն առաջիկա շաբաթների ընթացքում: «Բացի այդ, ես նաև ընդգծել եմ, որ անհրաժեշտ է քննարկել Արցախում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը», – ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԵՄ-ն երկու կողմերի հետ միասին առաջ է տանելու տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը «ձգտում է նպաստել տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության»: Միշելը նաև ընդգծել է «բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը»: Հաղորդվում է, որ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը, կողմերը պայմանավորվել են պահպանել սերտ շփումը և հուլիսին կամ օգոստոսին կրկին հանդիպել նույն ձևաչափով: