Ադրբեջանի ռազմածովային ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ «զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել ռազմանավային մարտավարական խմբերի և հատուկ նշանակության խմբերի համատեղ գործունեությունը տարբեր պայմաններում նպատակային առաջադրանքներ կատարելիս, կատարելագործել մարտական գործողությունների կազմակերպման և մարտում ուժերի կառավարման հրամանատարների և շտաբների հմտությունները»:
Զորավարժություններին մասնակցում են ռազմածովային ուժերի 30-ից ավելի նավեր և մոտորանավակներ, ինչպես նաև անձնակազմի մինչև 1,5 հազար զինծառայողներ:
«Կասպից ծովի ադրբեջանական հատվածում զորավարժությունների ընթացքում ռազմածովային ուժերի ստորաբաժանումները գործնական գործունեություն կիրականացնեն ռազմական խնդիրների կատարման ուղղությամբ՝ էներգետիկ ենթակառուցվածքների պահպանման և պաշտպանության նպատակով», – ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: