Ադրբեջանի ԱԳՆ – ն ներկայացրել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների իր տարբերակը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը, բանակցությունների ընթացքում Բայրամովը հայտարարել է, որ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերմանը՝ «ելնելով հետկոնֆլիկտային իրողություններից, որոնք ծագել են երկու պետությունների միջև զինված հակամարտության լուծումից հետո»:
Նշվում է նաև, որ Բայրամովն այդ համատեքստում ընդգծել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, «մասնավորապես, Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից»:
Բացի այդ, հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Բայրամովն ուշադրություն է հրավիրել «գրեթե 4 հազար անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանման կարևորությանը»:
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված մի շարք հարցերի, քննարկել իրենց ստանձնած պարտավորությունների կատարումն ու մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի վերաբերյալ: Նախարարներն ընդգծել են, որ կարևորում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության շարունակությունը: