Թուրքիան փախստականների համար ճամբար չի լինի և իր վրա չի վերցնի երրորդ երկրների միջազգային պարտավորությունները, ասված է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թայժ Բիլգիչի՝ РИА Новости-ին տված հայտարարության մեջ:
Ավելի վաղ The Times պարբերականը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը օրենսդիրների հետ մասնավոր հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է ընդլայնել Ռուանդայի հետ համաձայնագիրը միգրացիոն ճգնաժամի լուծման համար: Հանդիպման ժամանակ, որի մանրամասները հրապարակվել են The Times-ում, Թրասն իբր հայտարարել է, թե ցանկանում է բանակցություններ սկսել Թուրքիայի հետ այդ հարցի շուրջ։
«Մենք հույս ունենք, որ այդ պնդումները մամուլում, որոնք վերաբերում են տիկին Տրասին, անհիմն են։ Չի կարող խոսք լինել այն մասին, որ 8 տարվա ընթացքում աշխարհում ամենամեծ թվով փախստականներ ընդունած մեր երկիրն իր վրա ավելի մեծ բեռ վերցնի երրորդ երկրների խնդրանքով և, բացի այդ, մասնակցի այն մոտեցմանը, որն անհամատեղելի է ապաստանի իրավունքի միջազգային նորմերի հետ: Թուրքիան որևէ երկրի փախստականների համար ճամբար չի լինի, ինչպես նաև որևէ կերպ իր վրա չի վերցնի երրորդ երկրների միջազգային պարտավորությունները», – ասել է Բիլգիչը։