Միացյալ Նահանգները կրկին հայտարարում է, թե պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին», – ասել է դեսպանը: Ա
Անցած ամիս էլ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդն էր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, որ չնայած ուկրաինական ճգնաժամին՝ Վաշինգտոնը պատրաստ է ղարաբաղյան խնդրի շուրջ շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կասկածի տակ էր դրել այս հարցում Վաշինգտոնի անկեղծությունը. – «Եռյակի աշխատանքին շատ հարցերում հասցվել է անդառնալի վնաս», – հայտարարել էր նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե Միացյալ նահանգներին ու Ֆրանսիան են ուկրաինական պատերազմից հետո խզել կապերը ռուսաստանցի համանախագահի հետ։ Ռուսական կողմի այս հայտարարությունից մեկ ամիս անց՝ երեկ, Միացյալ Նահանգների դեսպանը վերստին պնդեց՝ սպասում են Ռուսաստանի վերադարձին:
«Առաջին քայլը ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին», – ընդգծեց Լին Թրեյսին: