ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ադրբեջանական և հայկական զինված ուժերի միջև և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Մենք ափսոսում ենք մարդկանց մահվան համար, երկու կողմերին կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու», – գրել է Խավիեր Կոլոմինան:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր:
Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: