Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
Armenia Today-ն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին այսօր կբացեն Բարեկամության կամուրջը և բանակցություններ կվարեն։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Armenia Today-ին հայտնեց, որ «Բարեկամություն» կամրջի բացման պաշտոնական արարողությունից հետո նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյան-Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: