Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին՝ որպես հրավիրյալ հյուր: Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։
«ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 15 պետությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և այլ երկրների ղեկավարներ։ Որպես հյուրեր Սամարղանդ կժամանեն Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարները», — տեղեկացրել է Ուզբեկստանի ղեկավարի ներկայացուցիչը։ ՇՀԿ գագաթաժողովն անց է կացվելու սեպտեմբերի 15-16-ը։
Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թ .հունիսի 15-ին Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից։ Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Պեկինում։ 2017 թվականի հունիսի 9-ին ՇՀԿ լիիրավ անդամներ են դարձել Հնդկաստանը և Պակիստանը։ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին ՇՀԿ-ի ղեկավարները հավանություն են տվել Իրանի կազմակերպության լիիրավ անդամ դառնալուն, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա այս ամիս Սամարղանդի գագաթնաժողովում: