Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը։
Հայաստանում և Ադրբեջանում կայացած հանդիպումներից հետո Ռիքերը Վրաստանի վարչապետի հետ զրուցել է տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը։ Կողմերը քննարկել են Վրաստանի դերը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման առումով և նախանշել համագործակցության հետագա հեռանկարները։
Նշվել է, որ Վրաստանը կշարունակի իր դերը որպես ԱՄՆ-ի արդյունավետ, հուսալի գործընկեր և հավատարիմ դաշնակից տարածաշրջանում և դրանից դուրս: Հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Դավիթ Զալկալիանին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։