Խոզնավար համայնքում կանանց ու երեխաներին տարհանել են, սակայն որոշ ընտանիքներ դեռ մնում են գյուղում: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Խոզնավար վարչական շրջանի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը:
«Գյուղը ծայրից ծայր անցել եմ, որևէ երեխա չեն տեսել»,- ասաց նախկին համայնքապետը՝ նշելով, որ Ճակատենից մինչև Սոթք, ամբողջ Սյունիքը հարվածի տակ է:
Նրա խոսքով՝ գյուղում տրամադրությունները խուճապային չեն, սակայն հանգիստ էլ չեն, անընդհատ կրակոցներ են լինում, ինքնապաշտպանվելու համար իրենց ունեցած զենքը քիչ է: Բոլորն, ովքեր սեփական մեքենաներ ունեն, տեղափոխվել են Գորիս կամ այլ վայրեր: Գյուղը երեք կողմից թիրախի տակ է: Հատկապես Իշխանասարի դիրքերի ուղղությամբ հարվածն ինտենսիվ է:
«Ուժեղ գնդակոծություն է եղել, բայց գյուղին չի կպել, որևէ ենթակառուցվածք չի տուժել»,- ասաց համայնքի նախկին ղեկավարը:
Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհի փակ լինելուն, ապա Գրիգորյանն ասաց՝ իր աչքով չի տեսել, բայց այնտեղ ծառայող սահմանապահներից մեկը պատմել է, որ իրավիճակը շատ ծանր է եղել այդ վայրում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, տվյալները վերջնական չեն:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:
Արաքսյա Սնխչյան