Երևանը պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», – ասաց նա:
Ըստ Գրիգորյանի Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու ակնկալիքն այն է, որ Հայաստանին տրամադրվի ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։