Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ», – ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: