Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելուն ուղղված հավաքական քայլերը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: