ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Ադրբեջան և Հայաստան՝ Երևանի և Բաքվի միջև չլուծված հարցերի կարգավորմանը նպաստելու համար, հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Ֆրանսիան հետագայում էլ աջակցություն կցուցաբերի, որպեսզի իր ներդրումն ունենա բանակցությունների միջոցով չլուծված հարցերի կարգավորման գործում։ Նախագահ Էմանուել Մակրոնի և նրա հայ և ադրբեջանցի գործընկերների բանակցությունների շարունակման նպատակով Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց, դեսպան Բրիս Ռոքֆեյը այս շաբաթ կուղևորվի Բաքու, այնուհետև Երևան», – ասված է հաղորդագրության մեջ:
Ռոքֆեյը նաև կայցելի Վրաստան՝ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ վրացական իշխանությունների հետ երկխոսությունն ամրապնդելու համար, ներառյալ Եվրամիության հետ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը», նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: