Ճանապարհների ապաշրջափակման հարցը վաղուց լուծված կլիներ, եթե ադրբեջանական կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ չարվեին։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած աշխատանքային խմբի աշխատանքներին՝ Ադրբեջանը փորձում է տողերի տակ տարածքային պահանջներ տեղադրել։ Օրինակ՝ միջանցքի խոսույթը՝ դա ի՞նչ խոսույթ է. ասում են «Արևմտյան Զանգեզուր»»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է անել իր ստանձնած պարտավորությունները։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, այսպես ասած, «Հայկական խաչմերուկի» ձևավորման համար։ «Սկզբունքային համաձայնությունն այն, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են։ Դա նշանակում է, որ սահմանին լինի սահմանային և մաքսային հսկողություն»,-նշեց նա։
Նա նշեց, որ վերոնշյալի վերաբերյալ Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի։ «Ադրբեջանն ասում է՝ մենք չենք ուզում, որ Հայաստանի սահմանն անցնելիս Ադրբեջանի քաղաքացին առնչվի Հայաստանի սահմապահի և մաքսավորի հետ», – նշեց վարչապետը՝ հավելելով, որ հաշվի առնելով առկա թշնամանքը, հայկական կողմը ևս չի ցանկանում դա։
Փաշինյանը որպես լուծում առաջարկում է արտապատվիրակել այդ պարտականությունները։ «Այսինքն՝ այդ պարտականությունները կարող են դրվել ոչ թե պետական մաքսային ծառայության, այլ հատուկ մասնագիտացված կազմակերպությունների վրա»,-նշեց նա՝ հավելելով, որ սա պաշտոնական առաջարկ է։
Ըստ նրա՝ կարող են անձնագրային վերահսկողությունը ևս փոխել և անցակետերում անցաթղթերով իրականացրել շարժ։ «Պետք է նաև սահմանել այն ապրանքների ցանկը, որոնց տարանցումը կարգելվի», – հավելեց նա։
Նշենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այս ռեժիմի սահմանման մոտեցումների համար։ Սկզբունքն է՝ «Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացնում է այն երկիրը, որի տարածքով է անցնում ճանապարհը»։ Սա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ուրեմն սա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանականով, ուրեմն՝ ադրբեջանական»։