Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդրաօղլուն քննադատել է երկրի իշխանությունների տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaer-ը:
«Թուրքիան, պատերազմի մեջ գտնվող երկրին՝ Ռուսաստանին, ասում է՝ «չեմ կարողանում մարել քո պարտքը»։ Այսինքն չի կարողանում վճարել գազի գումարը, որն արդեն վերցրել է ժողովրդից։ Եվ ու՞մ չի կարողանում վճարել։ Նրան, ով պատերազմի մեջ է։ Թուրքիան միշտ լուրջ պետություն է եղել և հարգանք է վայելել։ Հիմա, սակայն, ամեն ինչ ոչնչացրել են»,-Twitter-ում դժգոհել է ընդդիմադիր կուսակցապետը և հավելել, որ իրենք ըստ էության քայքայված համակարգ և քայքայված պալատական իշխանություն ունեն։
Քըլըչդարօղլուի այս գրառումը հաջորդել է տարածված այն տեղեկությանը, ըստ որի, Թուրքիայի պետական նավթագազային «BOTAŞ» ընկերության անանուն աշխատակիցը «Bloomberg»-ին հայտնել է, որ Թուրքիան էներգիայի բարձր գներով պայմանավորված տնտեսական վնասը նվազեցնելու աշխատանքների շրջանակում Ռուսաստանին խնդրել է բնական գազի համար վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024թ.։