Եվրամիությունը և Ռուսաստանը ներկայումս առաջ են մղում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իրենց հայեցակարգերը, բանակցային գործընթացում առկա են խաղաղ կարգավորման երկու մոտեցումներ, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրները:
Պարբերականի տվյալներով՝ պայմանագրի ռուսական նախագիծը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրների լուծում, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը հետաձգվում է։ «Չճանաչված հանրապետության կարգավիճակն ապագա որոշելու թեման արտացոլված է պայմանագրի ռուսական տարբերակի 15-րդ կետում, որը հակամարտության կողմերին է ներկայացրել Իգոր Խովաևը։ Հայաստանի իշխանություններն իրենց համաձայնությունը տվել են ռուսական տարբերակին, բայց Ադրբեջանը մերժել է այն, քանի որ Բաքուն Ղարաբաղի խնդիրը լուծված է համարում և նրա կարգավիճակի հարցին Ադրբեջանում չեն ցանկանում վերադառնալ», – գրում է թերթը։
Ըստ պարբերականի՝ այնուհետև Մոսկվան թարմացրել է պայմանագրի իր նախագիծը. այժմ Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջարկվում է շոշափել ոչ թե բուն փաստաթղթում, այլ դրան կից լրացուցիչ արձանագրություններում։ Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես են դրան արձագանքել Երևանում և Բաքվում։
Եվրոպական բանաձևը, ինչպես նշում են պարբերականի աղբյուրները, ավելի ընդգրկուն է և դրանում ոչ մի կերպ չի շոշափվում Ղարաբաղի կարգավիճակը։ Բրյուսելը հանդես է գալիս Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության հաստատման օգտին՝ առաջարկելով որոշակի մեխանիզմներ այդ երկխոսության մեջ միջազգային դերակատարների ներգրավման համար: Սակայն, թե իրականում ինչպես դա տեղի կունենա Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման և Ռուսաստանի հետ կոշտ դիմակայության պայմաններում, ըստ թերթի, անհասկանալի է։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։