ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ պետդեպարտամենտից։
Նշվում է, որ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել խաղաղ համաձայնության հասնելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերի համար, ներառյալ արտգործնախարարների և երկրների առաջնորդների միջև վերջերս տեղի ունեցած ուղղակի բանակցությունները:
«Պետքարտուղար Բլինկենը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը և նախագահ Ալիևին կոչ արել շարունակել խաղաղ գործընթացին աջակցելու քայլերը»,-նշվում է հաղորդագրութան մեջ։
Բլինկենը վերահաստատել է սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման, ձերբակալվածներին վերադարձնելու և այլ հարցերում ԱՄՆ-ի աջակցությունը։
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների շուրջ քննարկումների կարևորությունը և այն բանի անհրաժեշտությունը, որ երկու կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը և կենտրոնանան համաձայնագրի վրա՝ որպես տևական խաղաղության միակ ուղի:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։