Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցը շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԱՄՆ-ի Կոնգրեսում: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ որոշում էր ընդունվել 2 նախապայման ավելացնել Թուրքիային կործանիչների վաճառքի որոշման մեջ:
Կոնգրեսի դեմոկրատ անդամներ Ֆրենք Փալոնի ու Քրիս Փափասի օրակարգ բերած նախագծում առկա նախապայմաններն էին՝
- Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։
- Պիտի տրվեն երաշխիքներ առ այն, որ կկանխարգելվի Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:
Նախատեսվում էր, որ ԱՄՆ Սենատի հավանության դեպքում այդ նախագիծը հավելվածի տեսքով պիտի կցվեր 2023թ. համար ընդունված ԱՄՆ-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»:
Սենատում տեղի ունեցող հավելվածների քննարկման արդյունքում, սակայն, 2023-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքի» տեքստի վերջնական տարբերակից հանվել են Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ ընդունված նախապայմանների նախագիծը: Ավելի ուշ պետք է Սենատն ու Ներկայացուցիչների պալատը վերնշյալ օրենքի համար համատեղ տեքստ մշակեն ու ներկայացնեն նախագահ Բայդենի հաստատմանը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ սպասվում է, որ համատեղ տեքստից ևս կհանվեն վերոնշյալ նախապայմանները: