Առանձին թեմա է հաշտության պայմանագրի համաձայնեցումը, ի լրումն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման մասին համաձայնագրերի` Ադրբեջանի և Հայաստանի միջև ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարը Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
«Այստեղ տարբեր ուղղություններով միջոցառումներ են տեղի ունենում։ Սա մեզ թույլ է տալիս միջազգային հանդիպումների շրջանակում շփումներ ունենալ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ մեր մտերիմ բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների համատեքստում»,- ասել է Լավրովն իր բացման խոսքում։
Նրա խոսքով՝ ամենաբարձր մակարդակով ստորագրված հայտարարությունները հիմք են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmeniaToday-ը հայտնել էր, որ Աստանայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուրբաթ օրը Աստանայում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ մեկնարկած հանդիպման ընթացքում ինքը հույս ունի քննարկել երեք երկրների նախագահների պայմանավորվածությունների կատարման հարցը 2020 և 2021 թվականներին՝ հասկանալու համար, թե «ինչպես շարժվել առաջ»: