Մեր վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններն են և հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում կնպաստի հայ-ադրբեջանական հակամարտության երկարատև կարգավորմանը։
«Դա մեր հույսն է: Հենց դա են պետքարտուղարը, դեսպան Ռիքերը և մյուսները շարունակում պնդել՝ հարցը քննարկելիս: Ես չեմ ցանկանում գործընթացից առաջ անցնել, սակայն, իհարկե, մեր վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններն են, հարցի լուծումը և հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Պատելը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշումը։ Պատելն ասել էր, որ այս առաքելությունը երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի և շարունակում է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։