Եվրամիությունը հինգշաբթի սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Այսօր սկսվել է այդ առաքելության ծավալումը», – Բրյուսելում լրագրողներին ասել է Բորելը եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության վերաբերյալ որոշման մասին, որն ընդունվել է ԵՄ ԱԳ նախարարների հոկտեմբերի 17-ի նիստում:
Հիշեցնենք, երկուշաբթի ԵՄ ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատել են քառասուն դիտորդների Հայաստան ուղարկումը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով ԵՄ-ի մինչև 40 փորձագետների ուղարկումը նպատակաուղղված է անկայունության պայմաններում վստահության միջոցների կառուցմանը»։