Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Կովաչևի գործունեությունը և Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը, որը բխում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին, երախտագիտություն հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ նրանց վերադարձի ապահովման նպատակով ընդունած բանաձևերի համար և կարևորել ԵԽ շարունակական ջանքերն այդ ուղղությամբ:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել առաջիկայում Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակվելիք զեկույցին:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունից 10 քառ. կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։ Սեպտեմբերի 28-ին սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում ևս 3 հայ զինծառայող է զոհվել։
Ադրբեջանն իր կողմից հայտնել է 77 զինվորականի մահվան մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան Երևանն ու Բաքուն միջազգային հանրության աջակցությամբ կարողացան պայմանավորվել զինադադարի շուրջ։