Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է հերթական եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ համալիրը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ռուսաստանի ԱԳՆ-ի «Հայաստանի և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացների» գնահատականների մասին հարցին։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի գնահատմամբ, «Արևմուտքի անտրամաբանական մոտեցումը նկատելի է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ»: «Հաշվի չեն առնվում ոչ տարածաշրջանային առանձնահատկությունները, ոչ էլ խնդիրների հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումների մշակումն է, այլ ինքնաօպերացիան և Անդրկովկասից Ռուսաստանի դուրս մղումը։ Մեր եռակողմ մշակումները յուրացվում և այլասերվում են։ Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի ցուցանակների ներքո արևմտյան էմիսարների մուտքը Հայաստան հաճախակիացել է։ Ընթանում են հապճեպ համախմբված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Դա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը բարդ պայմաններում ձեռք է բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 — ի պայմանավորվածությունների հիման վրա», – ասվում է հայտարարության մեջ։
Զախարովայի խոսքով՝ զուգահեռաբար «շրջանառվում են մերկապարանոց մեղադրանքներն այն մասին, որ Մոսկվան, իբր, չի կատարում Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում իր պարտավորությունները»։ «Այս կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ հենց մեր երկիրն է դադարեցրել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, խաղաղապահներ է ուղարկել, որոնք խաղաղություն և կայունություն են բերել տարածաշրջան և առ այսօր վճռորոշ ներդրում է կատարում Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում։ Իսկ արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերմանը, հենց ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը», — ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան բոլոր մակարդակներում շարունակում է աշխատել գործընկերների հետ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման շահերից ելնելով, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, հումանիտար խնդիրների լուծումը, հասարակական և փորձագիտական երկխոսության հաստատումը»: Միաժամանակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամքն ու համաձայնությունը, ընդգծել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացած ԱՊՀ գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր հանդիպում անցկացնել Ռուսաստանում: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը չի հերքել և չի հաստատել այն տեղեկությունը, որ Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: