Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հաստատել է իր մասնակցությունը Սոչիում նախատեսված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը։
«Այո, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել հանդիպում, և, այո, ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ տեղյակ չէ Ադրբեջանի նախագահի պատասխանից։
Նա հայտնեց, որ որոշակի կուտակված հարցեր կան։ «…Սկսած ԼՂ-ում կայունության ապահովման գործընթացներից։ Այս տարվա մարտին ադրբեջանական ուժերը ներխուժել են ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և մեր համար հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը, և, ըստ էության, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել այդ առումով», – նշեց վարչապետը։
Կառավարության ղեկավարի փոխանցմամբ անդրադարձ է կատարվելու «միջանցքների» մասին խոսակցություններին։ «Հայտարարություններ են հնչում, ընդ որում ոչ միայն ադրբեջանական կողմից, ՌԴ-ում էլ անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարութւոնների, ստորագրած փաստաթղթերի, և ի հեճուկս ՌԴ ԱԳՆ-ի, փոխվարչապետի արած հայտարարությունների», – նշեց նա։
Նա ևս մեկ դետալի էլ անդրադարձավ՝ կապված նախորդ տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության հետ։ «Նախորդ տարվա հայտարարության մեջ գրված էր, որ կողմերը պայամանավորվել են միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և գործը հասցնել սահմանագծման աշխատանքների մեկնարկին։ Այն ժամանակ մենք այդ տեքստի վրա հիմնվելով ասում էինք, որ այդ մեխանիզմները պետք է ստեղծվեն, հետո խոսվի դելիմիտացիայի մասին»,-նշեց նա՝ հավելելով, րո անհասկանալի է, որ դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծումից հետո տեղի ուենցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, ինչն անհասակալնալի է, քանի որ մինչ այդ որոշ գործընկերներ հավաստիացնում էին, որ այդ հանձնաժողովի ստեղծմամբ այդ խնդիրները կլուծվեն։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է հերթական եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ համալիրը: 2020 թ.-ի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը երկու անգամ են եռակողմ հանդիպում ունեցել և հայտարարություն ընդունել՝ 2021 թ.-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին։