Մենք առաջիկայում նախաձեռնում ենք ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք ՀԱՊԿ առաքելության զեկույցը, ես հուս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատախսանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այդ նիստից մի քանի ակնկալիք կա. «Առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին և երկրորդ՝ կընդունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ «ճանապարհային քարտեզը»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ սա ոչ միայն կառավարության, այլև հայ ժողովրդի ակնկալիքն է և բազմաթիվ հարցեր, որոնք բարձրացվել են հանրության կողմից, կստանան իրենց պատասխանները։
Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների ներգրավման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման համար, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանրապես, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման համար։