Պաշտոնապես հայտարարում եմ՝ չկա «Վաշինգտոնյան» նախագիծ։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե կան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի քանի նախագծեր, որոնցից մեկն էլ ԱՄՆ-ն է առաջարկել։
Նա նշեց, որ այս պահին սեղանին Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից հայկական կողմին փոխանցվածն է։ «Այժմ մենք աշխատանքներ ենք տանում, նախապատրաստում ենք պատասխանը։ Ապագա հանդիպման ժամանակ հայկական կողմը կներկայացնի իր առաջարկները», – հայտարարեց նա։
Մարուքյանն անդրադառնալով ռուսական առաջարկին, նշեց, որ դեռևս սեպտեմբեր ամսին դրանք փոխանցվել են հայկական կողմին, ինչին դրական մոտեցում է եղել։ «Հիմա մենք, սպասում ենք, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը ռուսական կողմը կպնդի իր առաջարկը և Ադրբեջանը կհամաձայնի», – նշեց Մարուքյանը։
Նա նշեց, որ ռուսական կողմի համանախագահ Իգոր Խովաևը սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Հայաստանում է եղել, բայց մինչ այսօր ռուսական կողմը հասցեական չի արձագանքել ադրբեջանական ագրեսիային։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Նշենք, որ նախօրեին ելույթ ունենալով «Վալդայ» բանավիճային ակումբի նստաշրջանում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը «իհարկե պետք է»։ «Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը և սահմանային հարցի ամբողջական կարգավորմանը։ Մենք կողմ ենք դրան: Հարցը, թե որ տարբերակն ընտրել, Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ղեկավարության գործն է», – ընդգծել է նա։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, -մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։