Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, խաղաղության ու կայունության խնդիրների, այդ ուղղությամբ իրականացվող քայլերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափկմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին վերաբերող հարցեր:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆելդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների կողքին ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հարցը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, -մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքը կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու վստահություն ստեղծել և օգնել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։