ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
ԱԽ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները և ընդգծել, որ այն ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:
ԱԽ քարտուղարները նաև անդրադարձել են երկու ԱԽ գրասենյակների միջև արդյունավետ համագործակցության հեռանկարին:
Նշենք, որ այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանն Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, ըստ նրա, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք։