Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով օկուպացված Շուշիում զինծառայողների առջև, մի շարք հայտարարություններ է արել Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման, Արցախից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերման վերաբերյալ և սպառնացել է ուժի կիրառել այն երկրների դեմ, որոնք Հայաստանին աջակցելու համար մարտական զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արցախում ռուս խաղաղապահների մասին
Ըստ Ալիևի՝ «իրադարձություններ, որոնք պետք է դաս դառնան Հայաստանի համար», մարտ ամսին Արցախի Փառուխ գյուղի տարածքում և օգոստոսին Լաչինի միջանցքի շրջանում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ձեռնարկված ագրեսիան են։
Ալիևը Հայաստանին մեղադրել է այն բանում, թե իբր ամբողջությամբ չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերը, ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը Արցախից և հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները ժամանակավորապես են տեղակայված Լեռնային Ղարաբաղում: «Այնտեղ նրանց ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ, և եթե որևէ մեկի վրա հույս են դրել, նրանք նորից կկանգնեն ողբերգության առաջ», — ասել է նա։
Ալիևի սպառնալիքներն Իրանի հասցեին
Ալիևն անդրադարձել է նաև այն երկրներին, որոնք, ըստ նրա, աջակցություն են ցուցաբերում Հայաստանին և զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին։ «Եթե պետք լինի, կհասնենք այն ամենին, ինչ ուզում ենք, դա գիտեն բոլորը, և թող իմանան նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի աջակցություն Հայաստանի», — ասել է նա։ Նշենք, որ հոկտեմբերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ էր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։
Պաշտպանական բյուջեի ռեկորդային աճի մասին
Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի կհասնի։ «Ադրբեջանի պետական բյուջեն հաջորդ տարվա համար կհասնի ռեկորդային մակարդակի, ներառյալ ռազմական ծախսերի համար հատկացված միջոցները», — ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ դա արվում է այն պատճառով, որ իբր «Հայաստանում ռևանշիստական ուժերը» չեն ցանկանում համակերպվել պատերազմի արդյունքների հետ։
Մյուս պատճառն, ըստ Ալիևի, այն է, որ «Հայաստանը Զանգեզուրի միջանցք չի տրամադրել»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ Բաքուն «առաջիկա շաբաթներին» հայկական կողմից սպասում է «Զանգեզուրի միջանցքի» երթուղուն։ Մինչդեռ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններից ոչ մեկում «միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա, և որ բացման համար սպասվող բոլոր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները պետք է գտնվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են դրանք: