Ռուսաստանը սերտ համակարգում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ խաղաղ պայմանագրի նախապատրաստման հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ին լրանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության ընդունման երկու տարին:
«Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը արդյունավետորեն կատարում է իր առջև դրված խնդիրները, էական ներդրում է կատարում տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում», – ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ դա գնահատում են «մեր ադրբեջանցի և հայ ընկերները»։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի իրենց հայտարարություններում, հիմք են դրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման գործընթացի մեկնարկի համար:
Զախարովայի խոսքով՝ պրոֆիլային եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխվարչապետների (Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի) համանախագահությամբ մեծ աշխատանք է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ:
«Մենք աշխատանք ենք տանում Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի բացահայտման նպատակով կոնկրետ նախագծերի շուտափույթ իրականացման ուղղությամբ», – ընդգծել է դիվանագետը:
Նա նաև նշել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության ազգային հանձնաժողովների գործունեությունը խիստ կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի կայունացման տեսանկյունից:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև երկխոսության զարգացման առումով:
«Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Բաքվին և Երևանին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման», – եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: