Երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի, և ավելի լայն՝ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին:
«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, ուր Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին ու մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը: Ընդ որում՝ Ալիևի հայտարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին:
«Ի հեճուկս Սոչիում և Պրահայում համապատասխանաբար հոկտեմբերի 31-ի և հոկտեմբերի 6-ին ընդունված հայտարարությունների՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին՝ հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով»,- ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ Ադրբեջանի կողմից ընդունված եռակողմ հայտարությունների ու պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում: