Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները:
Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին եռակողմ հանդիպմանն ու ընդունված համատեղ հայտարարությանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու կողմերի հանձնառության կարևորությունը՝ նշելով, որ Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով և առավելապաշտական նկրտումներով շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայուն ու երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:
Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։