Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Վաշինգտոնում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ՝ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ»,- ասվում է զեկույցում։
Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մշտական ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նոյեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում քննարկել էին Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մանրամասները երկկողմ հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ։ Նախարարները մտքեր էին փոխանակել պոտենցիալ խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ և հայտարարել, որ կան մի շարք խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։
Կողմերը վերահաստատել էին նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները և պայմանավորվել արագացնել բանակցությունները։