Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Զորավարժություններն անցկացվում են տարբեր տեսակի զորքերի անձնակազմի, մարտական և հատուկ ինժեներա-սակրավոր տեխնիկայի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ավիացիայի ներգրավմամբ և ընդգրկում են Բաքու քաղաքը և Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանների տարածքները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ սցենարի՝ Ադրբեջանի ցամաքային զորքերի, օդուժի, հատուկ նշանակության, ինժեներական, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի ԶՈւ զինծառայողների հետ միասին կատարում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։
«Զորավարժությունների ընթացքում, հաշվի առնելով ժամանակակից մարտերի անցկացման մեթոդները, տարբեր առաջադրանքներ են կատարվում մարտական գործողություններում հրետանու, ավիացիայի և այլ տեսակի զորքերի կիրառման, համախմբվածության կազմակերպման, անցումների համար գետերի վրայով պոնտոնային կամուրջների կառուցման, ինչպես նաև դեսանտային զորքերը կեղծ թշնամու խորքերում»,- ընդգծում է ՊՆ-ն։
Համատեղ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է զորքերի փոխգործակցության մարտական համախմբվածության ապահովմանը, հրամանատարության և հսկողության կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը։