Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանին հայտնել է, որ Թեհրանը և Մոսկվան հիանալի համագործակցում են Հարավային Կովկասում, և որ «3+3» համագործակցության ձևաչափը կարող է ապահովել տարածաշրջանային անվտանգությունը կովկասյան տարածաշրջանում, հայտնում է IRNA-ն։
«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Սիրիայի հարցով։ Թեհրանը և Մոսկվան փոխգործակցում են Կովկասում, և »3+3» համագործակցության ձևաչափը համարվում է շատ լավ մոդել Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման համար»,- ասել է Բաղերին Մոսկվայում լրագրողներին։
Իրանի փոխարտգործնախարարը հայտնել է նաև, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են հարաբերությունների զարգացման ու համագործակցության խթանման մեխանիզմների շուրջ։
2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի էր ունեցել «3+3» Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին հանդիպումը։ Հանդիպումը համանախագահում էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ էին մնացել հանդիպմանը մասնակցելուց։
Համագործակցության վեցակողմ ձևաչափի՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա գումարած Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էին եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իրանը ողջունել է այս գաղափարը՝ հայտարարելով տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին աջակցելու իր պատրաստակամության մասին։